Երևանի Հանրապետության հրապարակում տեղի է ունեցել «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական մեծ հանրահավաքը։ Հրապարակում տեղադրված էր մեծ գիրք՝ դատարկ էջերով, որի էջերին քաղաքացիները թողնում էին իրենց ստորագրությունները և կարճ ուղերձները՝ աջակցելով «Սաֆարովի կանխարգելման օրենքի» ստորագրահավաքին։
Կուսակցության ներկայացուցիչները հավաստիացնում են, որ իշխանության գալուց հետո կառավարության առաջին նիստում կընդունեն այդ օրենքը, որի նպատակն է արգելել ադրբեջանցիներին հող և անշարժ գույք ձեռք բերել Հայաստանում, այդ թվում՝ կառուցապատող ընկերությունների միջոցով։
Հանրահավաքի ընթացքում հրապարակում նաև մեծ էկրաններին ցուցադրվեց արհեստական բանականությամբ ստեղծված տեսահոլովակ, որը պատկերում էր այն իրավիճակը, որը կարող է առաջանալ, եթե Հայաստան մուտք գործեն 300 հազար ադրբեջանցի։
Հիշեցնենք, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության նախընտրական քարոզարշավի հիմնական թեզերից մեկն այն է, որ գործող իշխանությունները պետք է փոխվեն՝ կանխելու համար 300 հազար ադրբեջանցիների հնարավոր բնակեցումը Հայաստանում։
ՀՀ ԱԺ հերթական ընտրությունները նշանակված են 2026 թվականի հունիսի 7-ին։ Ընտրական քարոզարշավը պաշտոնապես մեկնարկել է մայիսի 8-ին և կտևի մինչև հունիսի 5-ը։ Ընտրություններին մասնակցելու հայտ էր ներկայացրել 19 քաղաքական ուժ՝ 2 դաշինք և 17 կուսակցություն։ Սակայն մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցությունը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել։ Մայիսի 26-ին ԿԸՀ-ն ճանաչել է «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի գրանցումը ուժը կորցրած։ Առաջիկա ընտրություններին 13 համարի քվեաթերթիկը չի լինի։