ՀՀ կառավարությունը կսուբսիդավորի ջերմատնային ապրանքների արտահանումը

ՀՀ կառավարությունը պատրաստվում է սուբսիդավորել ջերմատնային ապրանքների արտահանումը՝ աջակցելով արտահանողներին։ Այս մասին տեղեկացրեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։

Նախարարը նշել է, որ կսուբսիդավորվի ջերմատնային ապրանքի արտահանումը, որը ներառում է լոլիկ, պղպեղ, ելակ և ծաղիկ։ Բացի այդ, կվերադարձվի ԵՄ արտահանվող թարմ պտուղ/բանջարեղենի ու ծաղիկի մաքսատուրքը։

Ըստ նախարարի՝ այս որոշումը կհաստատվի արդեն վաղը կայանալիք կառավարության նիստում։

Գևորգ Պապոյանը նաև հայտնել է, որ սա աջակցության միակ ծրագիրը չէ, և առաջիկայում սպասվում են նոր նախագծեր։ Մրգի արտահանման սուբսիդավորումը կներկայացվի հաջորդիվ։

Հիշեցնենք, որ մայիսի 25-ին հայտնի դարձավ, որ ՀՀ ՍԱՏՄ-ն որոշ տնտեսվարողների թույլ չի տվել ելակ արտահանել ՌԴ։

2026 թվականի մայիսի 30-ից Ռոսսելխոզնադզորը Հայաստանից թարմ լոլիկի, վարունգի, պղպեղի, կանաչեղենի և ելակի ներկրման ժամանակավոր սահմանափակումներ է մտցրել։ Գերատեսչությունից պարզաբանել են, որ որոշումն ընդունվել է հայկական պտուղ-բանջարեղենի մատակարարումների ժամանակ խախտումների հաճախակի դարձած դեպքերի և բուսասանիտարական անվտանգության ապահովման նպատակով։ Ռոսսելխոզնադզորը հունիսի 2-ից սահմանափակել է նաև կորիզավոր պտուղների և խաղողի ներմուծումը Հայաստանից, իսկ հուլիսի 3-ից` խնձորի, սմբուկի, կարտոֆիլի և չրերի ներկրումը։